Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշում է կայացրել չերկարաձգել «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է Մերձմոսկվայում ավտոբուսի հետ բախման հետեւանքով 18 մարդու մահվան մեջ: Նախագահությունը մի շարք խախտումներ է նկատել 2013թ. դեկտեմբերի 3-ին Տվերի դատարանի դատավճռում եւ նյութերն ուղարկել են վերանայման, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Դեկտեմբերյան վճռից հետո Հարությունյանի կալանքի ժամկետը բազմակի անգամներ երկարաձգվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:

Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Նախորդ դատական նիստին Հրաչյա Հարությունյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը: