Հայաստանը պետք է օգտագործի իր ժողովրդի ստեղծագործ միտքը՝ IT ոլորտի հետագա զարգացման համար: Այս մասին հունիսի 20-ին Երեւանում մեկնարկած DigiTec Business տեղեկատվական տեխնոլոգիաների ամենամյա ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով, Հայաստանում աշխատող ամերիկյան IT ընկերությունները հպարտանում են հայ գործընկերների հետ համագործակցությամբ: Միաժամանակ, ոլորտի հետագա զարգացման համար մի շարք քայլեր են անհրաժեշտ, որոնցից առաջինը կադրային բազայի զարգացումն է:
Ըստ դեսպանի, անհրաժեշտ է հայերի ստեղծագործական ու նորարական պոտենցիալն օգտագործել տեխնոլոգիաների եւ գիտության մեջ՝ որակյալ մասնագետների թիվն ավելացնելու համար: «Հենց դրան էլ մենք ձգտում ենք նպաստել դպրոցներում անցկացվող դասընթացների եւ թրեյնինգների միջոցով»,- նշել է Հեֆերնը:
Նա հիշեցրել է, որ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ամենամյա համահայկական ֆորումը՝ ArmTech-ը, անցկացվելու է աշնանը, Նյու Յորքում:





























