Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը առավոտյան սկսել է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու (որոնք ենթադրում են Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել) օրինագծի քննարկումները։
Հանձնաժողովի անդամները մինչ այժմ չեն կարողացել որոշել՝ կմտնի՞ արդյոք օրենսդրական այս նախաձեռնությունը խորհրդարանի օրակարգ։ Սակայն ինչպես խոստովանել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախագծերի՝ երկու ամիս տեւած քննարկումներն իսկական «մղձավանջ» են եղել։ Համաձայն փաստաթղթի՝ հայագիտական առարկաները դասավանդվելու են հայերենով։ Նախարարի խոսքով, օտարալեզու դպրոցների թիվը չի գերազանցի 15-ը։ Ընդ որում օտարալեզու հիմքային կրթությունը այդ դպրոցներում կսկսվի 5-րդ դասարանից։ Նախարարը տեղակացրել է նաեւ, որ Հայաստանում արդեն վաղուց գործում է QIS օտարալեզու դպրոցը, որը, սակայն, արտոնագիր չունի եւ պետական ավարտական վկայականներ չի շնորհում։ Նա նաեւ նշել է, որ շատ արտասահմանյան դպրոցներ Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացելու ցանկություն են հայտնում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ եթե օրինագծում փոփոխություններ չմտցվեն, իրենք դեմ կքվեարկեն փաստաթղթին։


























