Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) Սինգապուրում գտնվելու ընթացքում այցելել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ուր հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպան Սարգսյանը բարձր է գնահատել Սինգապուրի հայության ավանդը եկեղեցու պահպանման գործում եւ խոստացավ ՀՀ դեսպանության ամենայն աջակցությունը` համայնքի բոլոր առկա խնդիրների լուծման հարցում:
Համայնքի ներկայացուցիչները պատմել են տեղի հայության, նրանց խնդիրների, պարբերաբար կազմակերպվող միջոցացառումների մասին, ներկայացրել երկրի ամենահին քրիստոնեական շինություն հանդիսացող (1835թ.) հայկական եկեղեցու պատմությունը, ինչպես նաեւ դրա իրավական կարգավիճակի հետ առնչվող հարցեր:
2011թ. գարնանը հայ համայնքը պատրաստվում է մեծ հանդիսությամբ նշել Սինգապուրի հայկական եկեղեցու օծման 175-ամյակը: Նախատեսվող միջոցառումներին մասնակցելու են հրավիրվել աշխարհի տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներին:
Սինգապուրցիները մշտապես բարձր են գնահատում երկրի պատմության կերտման ընթացքում հայերի ունեցած մեծ ներդրումը:
Առանձնահատուկ նշվում են առաջին քրիստոնեական եկեղեցին, Սարգիս եղբայրների կողմից հիմնված «Ռաֆլզ» (Raffles) հյուրանոցը, նույնպես հայերի կողմից հիմնված ամենաազդեցիկ «The Straits Times» օրաթերթը: Հայերի պատվին անվանվել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը (Armenian Street): Սինգապուրցիների համար առանձնահատուկ նշանակություն ունի հայազգի Ագնես Ջոակիմի կողմից 1893թ. ստեղծված խոլորձ ծաղիկը (Orchid Vanda Miss Joaquim), որն այսօր հանդիսանում է Սինգապուրի ազգային խորհրդանիշներից մեկը:


























