Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն, այսօր՝ հունիսի 21-ին, այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաեւ շնորհավորական խոսքով հանդես են եկել Հ. Քուշկյանն ու Արցախի թեմի առաջնորդը: Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարեւորել են հարմարավետ պայմաններով ու համապատասխան սարքավորումներով ապահովված հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում: Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում ունենալ Ճարտարի զարգացման ճանապարհին:
Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին եւ գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների մակարդակից: Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները եւ հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը:
Ա. Հարությունյանն այցելել է նաեւ Ճարտարում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների հարթակներ եւ ծանոթացել դրանց արդյունքներին ու ընթացքին: Վերջում, բարերարների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ գյուղում կառուցվելիք եկեղեցու շինարարության հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով:





























