Հայաստանում խղճի եւ կրոնական ազատության ոտնահարումը ոչ այնքան իշխանություններից է գալիս, որքան լրատվամիջոցներից։ Այս եզրակացության է եկել լրագրող Վահան Իշխանյանը՝ ուսումնասիրելով Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող հրապարակումները։ Վահան Իշխանյանը «Կրոնի ազատությունը Հայաստանում» ուսումնասիրության համահեղինակն է։ Ուսումնասիրությունը, որը հունիսի 4-ին ներկայացվեց «Կոնգրես» հյուրանոցում, իրականացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։ Ուսումնասիրության ներկայացմանը հրավիրված էին Հայաստանում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից շատերն իրենց ելույթներում Վահան Իշխանյանի կարծիքը կիսող մտքեր հայտնեցին։
«Ավանդապահ մեծամասնությունն այսօր ենթարկվում է համատարած հոգեւոր գրոհի, դավանափոխության հետեւողական փորձերի ու պաշտպանված չէ այդ ամենից»,- ասաց քննարկման մասնակիցներից մեկը՝ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր, «Սահմանադրական իրավունք միության» նախագահության անդամ Հովհաննես Գալաջյանը՝ շարունակելով. «Բացարձակապես չի կատարվում օրենքի 13-րդ հոդվածը, որն արգելում է կրոնական կազմակերպությունների արտերկրյա ֆինանսավորումը։ Հենց ֆինանսական հոսքի պատճառով է իրականացվում այդպիսի ագրեսիան»։ Հ. Գալաջյանը հիշեցրեց, որ ՍԻՄ-ի կողմից ժամանակին առաջարկվել է թույլ տալ միայն այն կազմակերպությունների գործունեությունը, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են Հայաստանում։ Իսկ մյուս կազմակերպություններին ժամանակ տալ, որպեսզի դրանք էլ գան այդ վիճակին։ Գալաջյանը, պատասխանելով քննարկման ընթացքում հնչած քննադատությանը՝ կապված դպրոցում Հայ եկեղեցու պատմության դասավանդման հետ, նկատեց, թե միայն այդ առարկայի ուսուցանումը շատ քիչ է։ «Ավելի ճիշտ կլիներ ուսուցանել կրոնագիտություն, որպեսզի ե՛ւ մեր եկեղեցու, ե՛ւ համաշխարհային ու ազգային կրոնների ու դավանանքների, կրոնական նոր ուղղությունների ստեղծման մեխանիզմների մասին դպրոցականը գաղափար ունենա։ Եթե դպրոցականները նման գիտելիքներ ստանան, կրոնական բազմազանության ծովի մեջ ճիշտ կկողմնորոշվեն եւ չեն դառնա տարբեր տոտալիտար խմբակների զոհեր»։
«Այսօր Հայաստանում վատագույն գործը, որ անում են, մի քանի լրատվամիջոցներ եւ լրագրողներ են, որոնք փորձում են ազգը պառակտել ու մեղքը գցել կրոնական կազմակերպությունների վրա»,- նման տեսակետ հայտնեց Ավետարանական հավատքի եկեղեցիների միության ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանը՝ միաժամանակ հավելելով, թե լրատվամիջոցները փորձում են նույնականացնել մարդկանց կրոնական եւ էթնիկ ինքնությունները՝ ասելով. «ով Հայ առաքելական չէ, նա հայ չէ»։ «Ես կուզեի, որ այդ լրագրողները այսուհետ գրեին, որ Սողոմոն Թեհլերյանը հայ չէ, Հրանտ Դինքը հայ չէ, Վիլյամ Սարոյանն ու Մոնթե Մելքոնյանը հայ չեն, քանի որ նրանք ոչ թե Առաքելական, այլ Բողոքական եկեղեցու հետեւորդներ են եղել»։ Գրիգորյանը բողոքեց նաեւ հեռուստաընկերություններից, որոնք, ըստ նրա, ցուցադրում են արեւմտյան մի քանի ծայրահեղական կրոնական կազմակերպությունների ժողովների տեսագրություններ, որոնցում պատկերվում են ուշաթափություններ, օձեր, կարիճներ եւ այլ տեսարաներ, ապա ցուցադրում են Ավետարանական եկեղեցու շենքը։ «Մի անգամ, բարի՛ եղեք, ցուցադրեք Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների պաշտամունքները։ Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում հասարակության աչքին թոզ փչել ու մոլորեցնել», -նկատեց Գրիգորյանը՝ հեռուստաընկերություններին մեղադրելով անբարոյականության եւ էթիկայի կանոնների չիմացության մեջ։
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Վահրամն էլ ասաց, թե կրոնական կազմակերպությունները գերադասում են իրենց գործունեությունն արդարացնել՝ վկայակոչելով իրենց նկատմամբ իրականացնող հալածանքները։ Նա ասաց նաեւ, որ երբ խոսք է գնում հավատացյալների իրավունքների պաշտպանության մասին, ապա պետք է խնդրին անդրադառնալ բոլոր ասպեկտներով, քանի որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների իրավունքները եւս ոտնահարվում են այլ կազմակերպությունների կողմից։ Եւ դիմելով Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին՝ առաջարկեց. «Ավետարանական եկեղեցին խոսում է Հայ առաքելական եկեղեցու կողմից համագործակցության բացակայության մասին, սակայն անընկալելի է Ավետարանական եկեղեցու պահվածը։ Մի գյուղում, երբ վանքը տարիներ ի վեր գործում է, այդ նույն գյուղում հաստատվում է նաեւ ձեր եկեղեցու համայնքը։ Եթե համագործակցության մասի՞ն եք խոսում, եկեք համագործակցենք, այլ ոչ թե, երբ խնդիրներ են առաջանում, բարձրաձայնեք այդ մասին։ Հայաստանյայց եկեղեցին ունի պատասխանատվություն իր հոտի առաջ եւ քաջ գիտակցում է դա։ Եւ երբ հայ ժողովուրդը կհանձնվի մանկատուն, եւ երբ հայ եկեղեցին չի կարող իր տիրույթներում պահել ու խնամել այդ հոտին, այդ ժամանակ եկեք եւ տեր կանգնեք այդ հոտին։ Մնացած դեպքերում՝ խնդրում եմ համագործակցեք»։
Ի դեպ, քննարկման մասնակիցներից մեկը դժգոհեց, թե իրեն հաճախ են անհանգստացնում տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ու ինքը ստիպված է անհանդուրժողականություն ցուցաբերել «անկոչ հյուրերի» նկատմամբ։ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը տարակուսեց, թե ինչո՞ւ են կրոնական կազմակերպությունները հետեւողականորեն անհանգստացնում նույն մարդկանց, իսկ իրեն ընդամենը մի անգամ են անհանգստացրել. «Եկան, երկու շատ հաճելի կանայք, խոսեցին, ներկայացրեցին իրենց ասելիքը, սակայն երբ տեսան, որ ինձնից բան դուրս չի գալիս, թողեցին-հեռացան»,-ասաց Իշխանյանը, ում այս խոստովանությունը քննարկմանը ներկաներից շատերը ծիծաղելով արձագանքեցին։ Հավանաբար այլ ենթատեքստ էին գտել «ինձանից բան դուրս չեկավ» արտահայտության մեջ։
Հեղինե Մանուկյան


























