NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ.
Պարոն Սարգսյան, Հայ Ազգային Կոնգրեսը 1 տարեկան է: Ձեզ գոհացնո՞ւմ է կոնգրեսի որդեգրած մարտավարությունը:
Եթե չգոհացներ, ես կոնգրեսի անդամ չէի լինի: Իհարկե, ամեն ինչ կատարյալ չի լինում, եւ թե «Հանրապետություն» կուսակցության գործունեության, թե կոնգրեսի գործունեության մեջ թերություններ կան, եւ այդ թերությունները շտկվում են: Կոնկրետ մեծ բացթողումներ, մեծ թերություններ ես չեմ տեսնում:
2008թ. փետրվարին էիք ավելի շա՞տ հավատում շարժման հաղթանակին, թե՞ հիմա:
Գիտեք ինչ, ես հավատում եմ Աստծուն: Մնացած գործունեությունը, որ ես ծավալում եմ, ծավալում եմ իմ ցանկությունների եւ պատկերացումների հիման վրա: Եւ ընդդիմության պարագայում հիմնական խնդիրը դառնում է իշխանափոխությունը, եւ ես պայքարում եմ դրան հասնելու համար, իշխանության հասնելու պարագայում խնդիրը դառնում է երկիրն ավելի բարեկեցիկ, ավելի լավ վիճակին հասցնելը, եւ ես պայքարում եմ դրա համար: Այնպես որ, հավատալու առումով ես իմ գործունեությունը միշտ ծավալել եմ հավատով, վստահությամբ, հանրօգուտ աշխատանք անելու համար: Իշխանության եղած ժամանակ եւ թե ընդդիմություն եղած ժամանակ ես որեւէ բան առանց հավատի չեմ անում: Իսկ իրական հավատը դա Աստծու հանդեպ հավատն է:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոտայքի մարզում հայտարարել է, թե աշնանը իրավիճակ է փոխվելու: Ի՞նչ ակնկալիքներ ունեք աշնանից:
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններ կտա սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, եթե ավելի շուտ հանրահավաք չլինի, եւ այդ հարցի պատասխանն ամբողջությամբ կտա; Ես չեմ կարծում, թե այս շրջանում անհրաժեշտություն կա մեկնաբանել ակնկալիքները: Հասարակությունն ինքը որոշակի ակնկալիքներ ունի, հասարակության յուորաքանչյուր անդամ տեսնում է որոշակի վտանգներ ու փորձություններ, եւ այդ վտանգները թե աշխարհաքաղաքական են, թե ներքաղաքական են, թե իշխանական ճամաբարում տեղի ունեցող, թե տնտեսական են, թե դատաիրավական են: Հայաստանում իշխանությունը չի փոխվել, եւ իշխանությունը փոխանցվել է մեկից մյուսին: Եւ Հայաստանում իշխանության գործելաձեւը չի փոխվել: Հետեւաբար այն խնդիրները որ, կային, ավելի են խորացել, եւ այդ խնդիրները հավաքվելով ինչ-որ պահի պայթյուն են առաջացնում, ինչն էլ բերում է լուրջ փոփոխությունների:
Վերջին շրջանում շատ են խոսում կոնգրեսում առկա հակասությունների մասին, մասնավորապես ԼՂ հակամարտության առնչությամբ: Ըստ Ձեզ, ո՞ր տեսակետն է ավելի գերիշխող կոնգրեսում՝ «Ոչ մի թիզ հո՞ղ»-ը, թե՞ փոխզիջումային տարբերակը:
Ես չեմ կիսում Ձեր տեսակետը, թե ավելի շատ խոսում են կոնգրեսում առկա հակասությունների մասին: Լրատվական դաշտի հիմնական մասը կարգավորում են իշխանությունները, իրենց էլ ձեռնտու է նման բան տարածելը: Իմ շրջապատում ավելի շատ խոսում են իշխանության ներսում առակ հակասությունների մասին, մասնավորապես երեք բուրգերի գլխին կանգնած անձանց հակասությունների մասին: Նույնիսկ նրանց ընտանեկան հակասությունների մասին: Եւ դա պարզ աչքով էլ է երեւում: Եւ այդ հակասություններն ավելի են սրվում, երբ Ղարաբաղի հակամարտության առիթով բանակցային որոշակի ակտիվություն է նկատվում: Այնպես որ, կոնգրեսի առումով հակասությունները ավելի շատ հնարովի են, ավելի շատ շահարկվող, քան իրական, իսկ իշխանության ներսինն՝ ավելի իրական եւ բնական: Կոնգրեսը լուրջ հակասությունների ունի այս իշխանության հետ եւ պայքարում է այս իշխանության դեմ: Այլ խնդիր է, որ կոնգրեսում ոչ միայն Ղարաբաղի հարցով, նաեւ՝ տնտեսության, պետության կառուցվածքի հարցերով տարբեր կուսակցությունների մոտեցումները տարբեր են, բայց կոնգրեսին անդամակցող ցանկացած կուսակցություն գտնում է, որ իր ծրագրերին իր նպատակներին կարող է հասնել մի պարագայում, եթե առաջին հերթին ազատվի այս իշխանություններից: Այսինքն, ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գտնում են, որ այս երկրի համար համար մեկ վտանգն այս իշխանություններն, եւ նրանցից ազատվելու պարագայում է, որ հնարավոր է ավելի արժանապատիվ լուծել Ղարաբաղի հարցը, որ հնարավոր է տնտեսության մոնոպոլիզացիայից ազատվել, կոռոպցիայից ազատվել, ստեղծել նորմալ դատական համակարգ եւ այլն, եւ այլն:
Ըստ կանխատեսումների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արդեն հոկտեմբերին լուրջ զարգացումներ են լինելու: Ըստ Ձեզ, ի՞նչ զարգացումներ կլինեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
Ես միտ եղել եմ այն կարծիքին, որ նման բարդ եւ ծանր խնդիրները լուծել կարող են միայն լեգիտիմ նախագահները: Այն նախագահները, որոնք իշխանության են գալիս անօրինական ճանապարհով, որոշակի դեպքերում՝ նաեւ կյանքերի, մահվան, արյան վրայով, այն իշխանությունները, որոնք երկիրը բաժանում են մասերի եւ այնտեղ շահույթ ու հարստություն են փնտրում (չեմ ուզում խոսել համատարած կոռուպցիայի մասին, որը վերաբերում է թե' Ադրբեջանին, թե' Հայաստանին), նման ցավոտ, ոխցելի, ծանր խնդիրներ լուծելու կարողություն չունեն: Եւ ես համոզված եմ, որ թե Իլհամ Ալիեւի, թե Սերժ Սարգսյանի համար Ղարաբաղի հիմնահարցի լուծումը չի դրված որպես օրհասական խնդիր: Իրենք գնում են նման քայլերի՝ զուտ իմիտացիա անելով, իրականում սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Եւ այդ խնդիրը նրանում չէ, թե ինչ հարցեր են քննարկվում, խնդիրը նրանում է, գործող իշխանությունները ունե՞ն կամք հարցը լուծելու, թե՞ այդ կամքը բացակայում է: Ես կարծում եմ՝ որ իրենք Ղարաբաղի հիմնահարցը օգտագործում են իշխանությունը երկարաձգելու համար, որովհետեւ իրենք ռեսուրս չունեն նման բարդ եւ ցավոտ խնդիրը լուծելու; Իսկ ինչ վերաբերում է լուծման տարբերակներին եւ մոտեցումներին, կա մի գիծ, որից այն կողմ ցանկացած հայ կգերադասի պատերազմը, քան նման լուծումը, որովհետեւ դա արդեն դիպչում է մեր ազգային արժանապատվությանը: Եւ կա նման գիծ Ադրբեջանի համար, որից այն կողմ Ադրբեջանը կգերադասի պատերազմը, քան նման պայմաններում հաշտությունը: Խնդրի լուծումը պիտի բերի նման գծի: Ստեղծո՞ւմ են Մադրիդյան սկզբունքները արժանապատիվ լուծման հնարավորություն. նորմալ բանակցությունների պարագայում կարող են ստեղծել: Ես այսօր դրա մասին տեսակետ ասել չեմ կարող: Չեմ կարող մի պարզ պատճառով, որ այդ փաստաթուղթը իր ամբողջական տեսքով, իր մանրամասնություններով ներկայացված չէ, եւ մենք ծանոթ չենք, իսկ նման փաստաթղթի ամեն բառը կարեւոր է: Զիջե՞լ ենք մենք, թե՞ ոչ, արժե՞ր այդ գինը, թե՞ ոչ: Հստակ փաստաթղթի ներկայացնելուց հետո կարող եմ ասել՝ սկզբունքները բավարարում են հիմնահարցը արժանապատիվ լուծելո՞ւ, թե՞ ոչ: Այսօրվա պարագայում կարող եմ ասել, որ նման փաստաթուղթը կարող է բանակցային նյութ դառնալ. ոչ ավելի:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը




























