Երեւանում կայանալու է «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտա-գործնական դպրոցը: Ծրագրի կազմակերպիչը Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպությունն է՝ Հայաստանում «Россотрудничества»-ի ներկայացուցչության աջակցությամբ: Դպրոցի բացումը կայանալու է հունիսի 25-ին, ժամը 12.00-ին, Հայաթ Փլեյսում (Էրեբունի հյուրանոցի դիմաց):
«Россотрудничества»-ի ներկայացուցչության մամուլի ծառայության պատասխանատու Լիանա Ազոյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ նախագծի հիմնական նպատակը երիտասարդ մասնագետների եւ քաղաքական կառույցների միջեւ ինտերակտիվ հարթակ ստեղծելն է այն խնդիրների շրջանակում, որոնք վերաբերում են ինտեգրացիոն քաղաքականությանն ու տարածաշրջանային համագործակցությանը:
Այդ նպատակն իրականացվում է փորձագետների, պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումների հարթակներ կառուցելով, կլոր սեղաններ, վարպետության դասեր, ճեպազրույցներ անցկացնելով, որոնք նախատեսված են գիտա-գործնական դպրոցի մասնակիցների համար՝ արդի խնդիրների թեմաներով, որոնք ներառում են Եվրասիայում տնտեսական, անվտանգության եւ ինտեգրման հարցեր:
Ծրագրի շրջանակում մեկ ամսվա ընթացքում սեմինարներ եւ վարպետության դասեր են անցկացնելու Հայաստանում գործող պետական, քաղաքական, ռազմական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ համապատասխան ոլորտում մասնագիտացած փորձագետները:
Մասնակիցներին նաեւ հնարավորություն է տրվելու Դպրոցի աշխատանքների ընթացքում բարձրացված թեմաներով հոդվածներ եւ գիտական աշխատանքներ ներկայացնել: Լավագույն աշխատանքները հրապարակվելու են նախագծին մասնակցած քաղաքական եւ միջգերատեսչական կառույցների պաշտոնական կայքերում:
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին հավաստագրեր են հանձնվելու:





























