Այն մասին, որ իրենց գյուղից ընդամենը 600-700 մ հեռավորության վրա պատրաստվում են ռադիոակտիվ թափոնների եւ վնասակար նյութերի գերեզմանոց տեղակայել, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները տեղեկացել են միայն ապրիլ ամսին, այսինքն՝ գործընթացը սկսվել է առանց վերջիններիս գիտության։ Նման հայտարարությամբ հունիսի 5-ին հանդես եկավ  «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։

Նշելով, որ Զանգակատուն գյուղի բնակիչները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել եւ պարզապես փակել գյուղ բերված տեխնիկայի ճանապարհը, նա տեղեկացրեց, որ դրանից ընդամենը երկու օր անց նույն պատկերը գրանցվել է արդեն Զանգակատնից ոչ հեռու գտնվող Ուրցաձոր գյուղում։ «Փորձ է արվել գերեզմանոց հիմնելու աշխատանքները տեղափոխել Ուրցաձոր եւ կատարել բացարձակապես փակ-գաղտնի պայմաններում, առանց տվյալ տարածքի բնակիչներին տեղյակ պահելու»,- ընդգծեց Զարաֆյանը՝ ավելացնելով, որ իրենց կազմակերպությունը ապօրինի գործողությունների մասին տեղեկացել է կառավարության պաշտոնական կայքէջի լավ քողարկված հավելվածներից մեկից։ «Մենք բարձրաձայնել եւ բարձրաձայնելու ենք խնդրի մասին եւ հասարակական քննարկումներ ենք պահանջելու»,- հավաստիացրեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահը։

Խոսելով Սեւանա լճից ընդամենը 2 կմ հեռավորության վրա՝ Շորժայի մոտ կառուցվող, ապագայում քրոմի կոնցենտրատ եւ հրադիմացկուն նյութեր արտադրել պատրաստվող ֆաբրիկայի մասին՝ բնապահպանը նկատեց, որ  գործարկվելիք ձեռնարկությունը պարզապես կոչնչացնի Սեւանը։ «Նախատեսվում է, որ գործարանը պետք է արտադրի տարեկան 20 մլն տոննա հրադիմացկուն նյութեր, 50 հազար տոննա քրոմի կոնցենտրատ եւ 20 հազար տոննա երկաթաքրոմ։ Սրանք չքայքայվող, վնասակար նյութեր են, որոնց ամբողջ փոշին հիմա էլ լցվում է Սեւանա լիճ»,- տեղեկացրեց Զարաֆյանը։