2014 թ. հունիսի 24-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%:
ԿԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2014 թ. մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա անփոփոխ գների մակարդակի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մայիսի վերջին կազմել է 3.6%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի մեղմվել՝ հիմնականում պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ, եւ հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքեւ:
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության եւ գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռեւս չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվածի շրջանակներում: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության եւ ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով: 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը եւ մինչ օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով:
ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին եւ ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հուլիսի 4-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Լոմբարդային ռեպոների եւ ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.5% եւ 5.5%:




























