Հայաստանի իշխանությունները գովաբանել են ընդդիմադիրներին կառուցողական լինելու համար միան փիառի նպատակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ երբ խոսքից պետք է անցնել գործի, իշխանության «այո»-ն վերածվում է «ոչ»-ի:
Օրինակ, իշխանություններին առաջարկած ճանապարհներին արագաչափերի հետ կապված փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում: «Այն, ինչ մենք առաջարկել ենք, բոլորովին այլ բովանդակություն ուներ, շատ ավելի համոզիչ: Ուստի թեեւ իշխանությունը հավատացնում է, որ լսում է ընդդիմության ձայնը, սակայն լսում են միայն նրանք, որոնք որոշումների կայացման լուրջ իրավասություններ չունեն», -ասաց Հակոբյանը: Նրանք, որոնցից ինչ-որ բան կախված է, բավականին բաց կերպով հայտարարել են համագործակցությունը մերժելու մասին: «Այդպես վարվեցին Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը, եւ դրանում նրանք համենայնդեպս ավելի ազնիվ գտնվեցին», - նշեց նա:
Հիշեցնենք, քառյակն օրերս 12 պահանջներից բաղկացած ցուցակ է ներկայացրել կառավարությանը, որոնք վերաբերում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, «Նաիրիտի» վերագործարկմանը, երթեւեկության կանոնների խախտումների համար գործող տուգանքների վերանայմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, ինչպես նաեւ ցանկացած ինտեգրումից հեռու մնալուն, որը կվնասի Հայաստանի եւ ԼՂ-ի միասնական տնտեսական տարածքին:





























