«Մայրաքաղաքի կանաչ գոտիների նվազեցումը բերել է նրան, որ մինչեւ վերջերս Երեւանում եղած բազմաթիվ թռչնատեսակներ պարզապես վերացել են»,- հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը։

Նրա տեղեկացմամբ, սրանից 20-30 տարի առաջ մայրաքաղաքում հաշվվում էր 158 թռչնատեսակ, որոնցից շատերը ներկայումս կամ ոչնչացել են կամ պարզապես չվել կիսաանապատային-տափաստանային գոտում գտնվող Երեւանից։ «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ են մայրաքաղաքում այդքան շատ ագռավները եւ կաչաղակները. պատճառն այն է, որ մայրաքաղաքը շատ աղտոտված է եւ զուրկ կանաչ տարածքներից»,- բացատրեց «Թռչնասերների կենտրոնի» նախագահը՝ շեշտելով, որ բացի սոխակներից, իսպառ վերացել են նաեւ կրծողների եւ միջատների դեմ բնական պայքար իրականացնող վայրի թռչունների շատ տեսակներ։

«Մեկ այլ խնդիր են էլիտար շենքերը, որոնք թռչուններին բնադրելու հնարավորություն չեն տալիս»,- նկատեց նա։