Հայ ազգային կոնգրեսում կլինեն մարդիկ, ովքեր ոչ մի քաղաքական եւ բարոյական խոչընդոտ չեն տեսնի Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Մեհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք մարտի 1-իդ դեպքերից հետո ՀԱԿ-ը կհամաձայնվի համագործակցել երկրորդ նախագահի հետ:
«Լավ կլինի, որ այդ հարցին պատասխանեն հենց ՀԱԿ-ի ներկայացուցիչները, սակայն կարող ենք ենթադրել, որ Հայ ազգային կոնգրեսից կհայտնվեն մարդիկ, ովքեր դեմ չեն լինի համագործակցությանը ոչ բարոյապես, ոչ քաղաքական տեսանկյունից: Այսպես կարելի է դատել՝ հաշվի առնելով նրանց վերջին երեք տարիների անցուդարձը: Իսկ Քոչարյանի ընդդիմության դառնալու հնարավորություններն ամբողջությամբ գնահատել, սակայն եթե նա նման ցանկություն ունենա, հազիվ թե ներկայիս քառյակից ինչ-որ մեկը դեմ արտահայտվի, դժվար թե էական խոչընդոտի հանդիպի»,- ասաց նա:
Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում նաեւ, որ ՀԱԿ-ը կարող է դուրս գալ քառյակից:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ստեփան Մարգարյանը մասնավորապես ասել էր. «Ողջունում եմ եւ շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատեւ կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է»: ԲՀԿ-ի ներկայացուցիչը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող քննադատությունը, թե նա իրավունք չունի խոսելու, քանի որ բոլորը հիշում են իր պաշտոնավարման տարիներին կնքված կասկածելի գործարքներն ու կոռուպցիայի մակարդակը. – «Ես համաձայն չեմ, որ ոչ թափանցիկ գործարքներ են եղել այն ժամանակ: Եթե ինչ-որ ժամանակ նույնիսկ ինչ-որ բան տեղի ունեցած լինի, կարծում եմ, երկիրը դատապարտված չէ կրկնելու նույնը, չէ՞: Ես կարծում եմ, որ եթե Քոչարյանը խոսում է այդ մասին, ուրեմն ինքը վստահ է, որ իր ժամանակ համենայն դեպս այդ աստիճան չի եղել»:





























