Բանկային համակարգը Հայաստանի ոչնչացման հիմնական գործիքն է, հունիսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ հանրապետությունում բանկերը միայն մեծ տոկոսներով վարկեր տալով են զբաղված:

Դրա հետեւանքով մարդիկ, ի վիճակի չլինելով մարել վարկերը, վաճառում են տները եւ լքում երկիրը: «Ես բացի Հայաստանից հետխորհրդային տարածքի այլ պետություն չգիտեմ, որի բնակչությունը ԽՍՀՄ փլուզումից հետո կրկնակի կրճատված լիներ», - նշել է Մանուչարյանը: Բացի այդ, նա ուշադրություն է դարձրել, որ երկրում գիտնականը 100 – 200 դոլարի կարգի աշխատավարձ է ստանում, այն դեպքում, երբ բանկիրները քանի անգամ ավելի են վաստակում:

Ինչ վերաբերում է նոր կառավարության գործունեությանը, Մանուչարյանը նշել է. «Այն, ինչ ունենք, չեմ համարում կառավարություն: Հայ օլիգարխիան համակարգ է ստեղծել՝ թալան իրագործելու համար եւ այդ համակարգում դրել իր մարդկանց»: Այնուամենայնիվ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը  որոշ չափով կարող է շտկել ստեղծված իրավիճակը:  Մասնավորապես, ըստ Մանուչարյանի, օլիգարխները, լինելով տնտեսական խոշոր խաղացողներ, պետք է Հայաստան վերադարձնեն իրենց արտասահմանյան ողջ հարստությունները եւ զարգացնեն երկրի տնտեսությունը: Այդ դեպքում «կառավարությունում պաշտոն զբաղեցնողներին հնարավոր կլինի հարգել»: