Այս տարվա 4 ամիսներին Հայաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու 18 դիմում է եղել, որոնցից 4-ը մերժվել են,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, նշելով, որ նրանցից ոչ ոք հայ չէ: «Մեկ դիմում արդեն ընդունվել է, մնացած 13-ը ընթացքի մեջ են: Դիմել են այնպիսի երկրներից, ինչպիսիք են  Նիգերիան, Փղոսկրի ափը, Նեպալը: Կան իհարկե Իրաքից դիմողներ, որոնք մեր հայրենակիցներն են»,- ասաց նա:

Հարցին, թե Սփյուռքից, վերջնահաշվով, քանի՞ մարդ է տեղափոխվել Հայաստան մշտական բնակության, Եգանյանը պատասխանեց. «Մենք չունենք այդ թվերը: Այստեղ էլ հաշվառումը հստակ չէ, քանի որ ոչ բոլոր մշտական եկողներն են հաշվառվում: Մեր գնահատականներով, անձնագրային սեղաններում հաշվառվածները, մոտավորապես 15-20 տոկոսն է, որը 2009-ին կազմել է 4323 մարդ, այնինչ 2008-ին այդ թիվը 1554 էր, իսկ 2007-ին` 223: Այստեղ պետք է հաշվի առնել երկքաղաքացիություն ձեռքբերած օտարերկրացիներին, որոնց թվի կտրուկ աճ է նկատվում»:

Ինչ վերաբերում է Իրաքում տեղի ունեցած պատերազմից հետո Հայաստան եկած իրաքահայերին, ապա ըստ միգրացիոն գործակալության պետի, իրաքահայերից ոչ բոլորն են դիմել իրենց։ «Դիմել են նրանք, ովքեր փորձել են կարգավիճակ ստանալ: Մի մասը եկել, անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստացել է  կացության հատուկ կարգավիճակ կամ քաղաքացիություն եւ մեզ չի էլ դիմել: Մեզ դիմել է շուրջ 1000-ը, 1000-ին էլ, նոր օրենքի համաձայն,   շնորհվել է փախստականի կարգավիճակ»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ մարդկանց մի մասը մեկնել է Եվրոպական երկրներ, մյուս մասը վերադարձել Իրաք: «Թե որքան է այդ թվաքանակը` դժվար է ասել, որովհետեւ նրանք պարտավորված չեն գնալուց առաջ գալ, նորից հաշվառվել: Եթե մարդը չի կարողանում ինտեգրվել, աշխատանքի կամ այլ բնույթի խնդիրներ ունի, նա փորձում է  իր  համար ավելի լավ պայմաններ այլ երկրներում փնտրել»,- իր խոսքն ամփոփեց Գ. Եգանյանը: