ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն այսօր` հունիսի 25-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդը կասեցնելու որոշում է կայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄՀ աշխատակից Կորյուն Գրիգորյանը:
«Դատարանի որոշումն արդեն տարել են ԴԱՀԿ, որ կասեցնեն արդեն երրորդ աճուրդը: Հույս ունենք, որ ԴԱՀԿ-ն կգործի օրենքի շրջանակում եւ կկասեցնի աճուրդը»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:
ՄՀ աշխատակցի խոսքով` քաղաքացիները վրդովված էր Մարզահամերգայինը աճուրդի հանելու խնդրով, եւ բոլորը սպասում էին արդարացի լուծման ստեղծված իրավիճակում:
«Ի վերջո, պետք է հաշվի առնենք,որ ՄՀ-ի վերանորոգման աշխատանքները ներդրումներով է իրականացվել, եւ պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել մեր երկրում ներդրումներին, ոչ թե արհամարհել կատարված հսկայական աշխատանքը»,-ասաց Կորյուն Գրիգորյանը:
Նրա խոսքով` ՄՀ-ի գործով իրենք եւս մի քանի հայց են ներկայացրել, եւ մինչեւ վերջնական որոշում չկայացվի, ԴԱՀԿ-ն իրավունք չունի նոր աճուրդ հայտարարել:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2004-ից ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում։
Հիշեցնենք, մարզահամերգային համալիրի տնօրինությունը կարծում է, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշի բաժնի կողմից աճուրդի վերաբերյալ որոշումն առ ոչինչ է՝ կայացման պահից, քանի որ ըստ «Իրավական ակտերի մասին» օրենքի՝ չի կարող գոյություն ունենալ ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշի բաժին: Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների՝ ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական եւ տարածքային բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ: Քանի որ Երեւանն ունի մարզի կարգավիճակ, հետեւաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երեւան քաղաքի բաժին, եւ համապատասխանաբար, վեց վարչական շրջանների բաժանմունք: Առ ոչինչ իրավական ակտն իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է: Վերհիշյալ հիմքերով էլ ընկերությունը դիմել էր Վարչական դատարան:




























