Հազվադեպ Գուդփասչերի սինդրոմով տառապող հրազդանցի 17-ամյա Տիգրան Ավետիսյանը երեկ՝ հունիսի 26-ին, վերջապես մեկնել է Մոսկվա, որտեղ հույս կա, որ բժիշկներին կհաջողվի երկարացնել նրա կյանքը։ Տիգրանը մեկնել է հոր և բժշկի ուղեկցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանի ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը:
«Օդանավակայանում Տիգրանին ճանապարհելու էին եկել նրա հարազատներն ու ընկերները, բոլորս մեծ հույսեր ունենք, որ Տիգրանը կբուժվի»,- ասաց Գայանե Սիմոնյանը՝ նշելով, որ ընկերները մեկնելուց առաջ Տիգրանին «Նարեկ» են տվել՝ հույսով, որ սուրբ գիրքը կօգնի մեղմացնել նրա ցավերը։
Ուսուցչուհու խոսքով, Տիգրանը շատ լավ տրամադրություն ուներ, արտաքին տեսքն էլ լավ էր, ու չնայած ֆիզիկապես իրեն վատ է զգում, հավատով է մեկնել Մոսկվա։
«Տիգրանը բարեհաջող հասել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել են հարազատներն ու Լիանա Խոջոյան անունով մի կին, որը մեզ շատ օգնեց Մոսկվայում: Ուղղակի անհրաժեշտ գումարն է դեռևս շատ քիչ՝ ընդամենը 6500 դոլար է հավաքվել, որը կբավականացնի միայն նախնական հետազոտության համար: Այսօր արդեն հիվանդանոցի լավագույն բժիշկները սկսել են հետազոտությունները, Տիգրանը նեւրոլոգիայի բաժանմունքում է, սպասում ենք վերջնական եզրակացությանը»,- պատմեց Գայանե Սիմոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 17-ամյա բնակիչ Տիգրան Ավետիսյանի մոտ երկար հետազոտություններից հետո հայտնաբերվել է բացառիկ անբուժելի հիվանդություն, որի մասին Տիգրանի ընտանիքն իմացել է միայն վերջին օրերին: Պատանին տառապում է բացառիկ հիվանդությամբ՝ Գուդփասչերի սինդրոմով: Իմունային համակարգի հազվագյուտ հանդիպող այս հիվանդության դեպքում հակամարմիններն ախտահարում են երիկամներն ու թոքերը, տեղի է ունենում բոլոր ներքին օրգանների քայքայում։ Նրա կյանքն արտերկրում կարող են երկարացնել 10-15 տարով, իսկ Հայաստանում այդ հիվանդությունը չի բուժվում։
Տղայի բուժման համար հաշվեհամարներ են բացվել։
ՀՀ դրամ-16025073043101
ԱՄՆ դոլար-16025073043102
Եվրո-16025073043103
ՌԴ ռուբլի-16025073043104
Հաշվեհամարները բացված են ՎՏԲ Հայաստան բանկում, հաշվետեր՝ Ոսկանյան Սյուզաննա Լևոնի:
Ինգա Հայրիյան































