Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հունիսի 22-ին ինքնասպան լինելու նպատակով թույն խմած 18-ամյա Արթուրը, որը հունիսի 27-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր, այս տարի էր ավարտել դպրոցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեզարդի գյուղապետ Արթուր Մանուկյանը:
«Դպրոցն այս տարի էր ավարտել, հոգեկան խնդիրներ ուներ: Դեպքն էլ դաշտում է տեղի ունեցել, ճանապարհին համագյուղացիներին է տեսել, ասել, որ թույն է խմել եւ խնդրել օգնել: Տարել են Արտաշատի հիվանդանոց, վիճակն այնքան ծանր է եղել, որ տեղափոխել են Երեւան, բայց դե փրկել չի հաջողվել»,- ասաց նա:
Արթուրը տան միակ տղան էր, իրենից մեծ երկու քույր ուներ, իսկ ծնողներն էլ հողագործությամբ են զբաղվում: 18-ամյա երիտասարդի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 29-ին: Գյուղապետի խոսքով՝ Արթուրի ընտանիքն այնքան վատ է ապրում, որ նույնիսկ հուղարկավորության ծախսերը չի կարող հոգալ:
«Էսօր եկել են, գյուղապետարանն է գումար տվել, որ ծախսերն անեն, բացի դրանից՝ հարազատներն ու բարեկամներն էլ կօգնեն, որովհետեւ շատ վատ են ապրում»,- ավելացրեց Արթուր Մանուկյանը:
Նշենք, որ 18-ամյա երիտասարդը ֆոսֆորային օրգանական միացություն էր խմել:





























