Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, «Երեւանտրանս» ընկերությունը եւ Երեւանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը կազմակերպել են ակցիա, որի ընթացքում վերոհիշյալ ուսումնական հաստատության ուսանողները մայրաքաղաքի կանգառագոտիներում հասարակական տրանսպորտի վարորրդներին կոչ են արել ղեկին չծխել, մեքենան վարելիս չխոսել բջջային հեռախոսով եւ կանգառել միայն այդ նպատակով նախատեսված տարածքներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե կարգը չխախտելու, ուղեւորների առողջությունն ու անվտանգությունը չվտանգելու համար կարգապահ վարորդներին շնորհակալություն են հայտնել եւ թխվածք հյուրասիրել: Հայտնաբերված սակավաթիվ կարգազանց վարորդներին էլ են հյուրասիրել`հույս ունենալով, որ այսուհետ նրանք էլ կարգապահ կդառնան:  Միջոցառմանը ներգրավվել են  նաեւ այն քաղաքացիները, ովքեր կանգառագոտիներից դուրս են սպասել հասարակական տրանսպորտին: Ուսանողները նրանց էլ են քաղցրավենիք հյուրասիրել հորդորելով, որ տրանսպորտին սպասեն միայն նախատեսված հատվածներում: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում՝ բացառելու համար սահմանված կարգը խախտելու դեպքերը: Ըստ նրա՝ վերջին շրջանում կարգազանց վարորդների թիվը կտրուկ նվազել է եւ նմանատիպ նախաձեռնությունները հաճախ բարոյախրատական ավելի մեծ ներգործություն են ունենում, քան վարչական լծակների կիրառումը:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուն քաղաքացիներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել եւ, վարորդների կողմից թույլ տրված խախտումներ նկատելիս, ահազանգել Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի 010-51-41-52, 010-51-41-87, 010-51-42-36 կամ «Երեւանտրանս» ընկերության թեժ գծի 010-39-16-53 հեռախոսահամարներով: