«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը կարծում է, որ կառավարությունը կուտակային կենսաթոշակների մասին օրենքում շուտով լրացումներ եւ փոփոխություններ կանի, եւ մասնավոր սեկտորը նույնպես կվճարի նպատակային սոցիալական վճարներ։
«2017թ-ից մասնավոր սեկտորը նույնպես վճարելու է նպատակային սոցիալական վճար, սակայն մասնակցելու է առավելագույնը 25 հազար դրամով, բայց այս ամենը իմ կարծիքով ժամանակ ձգելու միջոց է, վաղը, մյուս օրը կբերեն նոր լրացումներ կանեն օրենքի մեջ, մասնավորն էլ ավելի շուտ կմտնի, մասնավորի վճարների 25 հազար դրամի սահմանն էլ կհանեն»,-ասաց NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն կատարել ՍԴ-ի Կուտակային կենսաթոշակների մասին ապրիլի 2-ին կայացրած որոշումը, անտեսել են դրա բազմաթիվ դրույթներ։
«Խախտումներով քվեարկությունը արդեն սովորական գործելաոճ է դարձել ՀՀԿ-ական պատգամավորների մոտ։ Իրանց համար դա նորություն չի, որ մեկը 3 կամ 4 հոգու տեղ քվեարկի: Մեկն ասենք՝ այդ ժամին լեկցիայի է լինում, բայց ինքը ներկա է ԱԺ-ում, դա իրենց համար նորմալ երեույթ է»,-ասաց Լեւոն Հարությունյանը։
Նախաձեռնության անդամը նշեց, որ իրենց պայքարով հասել են ինչ-որ բանի, բայց վերջնական հաղթանակ դեռ չունեն եւ շարունակելու են պայքարը։
«Չի կարելի ասել, որ մեր պայքարը արդյունք չի տվել, որովհետեւ էս պահին մասնավոր սեկտորը չի մասնակցում կուտակայինին, մենք մի փոքր հաղթանակ ունենք։ Հետագայում մենք Քառյակի հետ կդիմենք ՍԴ վիճարկելու այս նոր օրենքը, որը նույն օրենքն է գրեթե, ուղղակի միայն կուտակային բառն են փոխել, դարձրել նպատակային սոցիալական վճար»,-ասաց Լեւոն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ օրենքում ցանկացած փոփոխության դեպքում իրենք դիմելու են կտրուկ միջոցների. «Մենք շատ ուշադիր հետեւելու ենք Կառավարության նիստերին, որ եթե հանկարծ ուզենան փոփոխություն կատարել այս օրենքում ու բերեն ամենահին վիճակին, այսինքն հունվարի 1-ի վիճակին, արձագանքը լինելու է շատ արագ ու շատ կտրուկ։ Այսինքն եթե մենք նույն տաշտակի առջեւ նստենք եւ ստիպված լինենք նորից վճարումներ անել, բնականաբար մենք նույն ճանապարհով չենք գնա, ստիպված ենք լինելու նոր քայլեր անել»։
Հիշեցնեք, որ նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 27-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:
Նշենք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը դիմել էր Սերժ Սարգսյանին՝ վետո կիրառելու եւ օրենքը չստորագրելու կոչով:





























