Երեւանի բնակիչներ, եղբայրներ 22-ամյա Ալբերտ Գ.-ն եւ 21-ամյա Վարդան Գ.-ն մեղադրվում են Մելինեին հարվածելու եւ խեղդելու փորձ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 17-ին: Եղբայրներ Ալբերտն ու Վարդանը Վրացական 37-րդ շենքի մոտ խուլիգանական մղումներով շենքի բնակիչների եւ պատահական անցորդների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել, հայհոյել եւ վիճաբանության մեջ մտել Մելինե Կ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում տղաները բռնություն են գործադրել Մելինեի նկատմամբ՝ վերջինիս հարվածելով եւ խեղդելով:
Ալբերտ Գ.-ին եւ Վարդան Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:





























