«Խոզի գրիպ»-ի՝ H1N1 վարակի մասին խոսակցությունները հորինվածք չեն, այդպիսի հիվանդություն իրականում կա, սակայն այս պահին հանրապետությունում «խոզի գրիպ»-ի արձանագրված դեպք չկա՝ այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ վստահեցնելով. «Երեւանի տարբեր կլինիկաների բժիշկներից բաղկացած թիմը, որն ինձ հետ աշխատում էր, տեսել է այդ հիվանդությունը, դրա բոլոր բարդ, չար, նույնիսկ դաժան կողմերն ու ազդեցությունները։ Այն, որ այդ հիվանդությունը կար՝ միանշանակ է»։
Նա նաեւ նշեց, որ պետական բյուջեից ոչ մի լումա չի հատկացվել «խոզի գրիպ»-ի դեմ նշանակվող «Տամիֆլյու» բուժանյութի, ինչպես նաեւ «խոզի գրիպ»-ի դեմ պատվաստանյութի ձեռբերման համար։ Բոլոր այդ միջոցները որպես օգնություն տրամադրել է Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը։ Հարցին՝ ապագայում «խոզի գրիպ»-ի վերսկսման վտանգ առկա՞ է, գլխավոր վարակաբանը պատասխանեց, թե նման կանխատեսումներ անելը կնմանվի «սուրճի բաժակ նայելու» եւ նման կանխատեսումներ անելու համար հարկավոր է խորքային վերլուծություն իրականացնել։
Ասոյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ մահվան դեպքերը, որոնց մասին հայտարարվեց առողջապահության նախարարության կողմից, իսկապես «խոզի գրիպ»-ի հետեւանքով էին։ «Բոլոր տվյալները պահպանվել են մեզ մոտ։ Այն, ինչ մենք այն ժամանակ հայտարարեցինք, ես այսօր պնդում եմ՝ այո, մենք ունեցանք մահվան դեպքեր։ Այո, մահացածների մեջ կան մարդիկ, ովքեր ունեցել են նաեւ այլ հիվանդություններ, ինչն էլ մենք կանխատեսել էինք»,- ասաց վարակաբանը։ NEWS.am-ը հետաքրքրվեց՝ թե մեկ այլ վիրուսի՝ «թռչնագրիպ»-ի վերսկսման վտանգ առկա՞ է։ Գլխավոր վարակաբանն արձագանքեց, թե դժվարանում է ասել, թե ապագայում ի՞նչ նոր վիրուս կարող է ի հայտ գալ։ «Վիրուսային հիվանդությունները միշտ եղել են, եւ ես վստահ եմ, որ միշտ էլ կլինեն։ Բայց թե ո՞ր կենդանու անունով կլինեն դրանք՝ ես դժվարանում եմ ասել»։
Հանրապետության գլխավոր վարակաբանը վստահեցրեց, որ, որպես կանոն, համաճարակները մեր հանրապետությունում սկսվում են աշնանը՝ սեպտեմբերից-նոյեմբեր ամիսներին եւ հենց այդ ամիսներին էլ պետք է մեծացնել վերահսկողությունը այդ վարակների նկատմամբ։ Պատճառը, ըստ վարակաբանի, հիմնականում աշնանային մրգերի օգտագործումն է։


























