«Շոգ եղանակին մարդկանց օրգանիզմը հեղուկի եւ աղի պակաս է զգում, հետեւաբար խորհուրդ է տրվում օրական 4-5 բաժակ հեղուկ օգտագործել, որից պարտադիր 1-2 բաժակը՝ հանքային ջուր»,-  հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի խորհուրդ տվեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ Նա հատկապես հղի կանանց  խորհուրդ տվեց հետեւել իր խորհրդին ու չխուսափել մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելուց։ 

Գլխավոր վարակաբանը խորհուրդ տվեց նաեւ ամռան ամիսներին օգտագործել մեծ քանակությամբ թան ու մածուն, որոնք պաշտպանում են օրգանիզմը շոգի հետեւանքով ի հայտ եկող վնասակար ազդեցություններից։ Արա Ասոյանը բնակչությանը հորդորեց խուսափել փողոցում ու շուկաներում  վաճառվող անհայտ ծագմամբ սննդամթերքից, գնումներ կատարելիս լինել խիստ ուշադիր հատկապես արագ փչացող սննդամթերքի նկատմամբ` հավ, ձուկ, կրեմով թխվածք։ Արա Ասոյանն ասաց, թե երբեմն սարսափով է նայում, թե ինչպես են  քաղաքացիները ամռան շոգին կրեմով թխվածք գնում, ընդ որում՝ բաց տարայով։ Նա նշեց, որ ժամանակն է լուրջ վերահսկողություն սահմանել սննդամթերքի արտադրության եւ սպառման օբյեկտների նկատմամբ. 

«Ես բազմիցս ասել եմ, որ ոչ միայն պետք է գետնանցումներում վաճառվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողություն սահմանվի, այլեւ հենց սուպերմարկետներում վաճառվող հմայիչ տեսքով խմորեղենների որակը նույնպես պետք է հսկվի։ Որեւէ մեկը չգիտի, թե ովքեր են պատրաստում այդ խմորեղենները, արդյո՞ք լիցենզիա ունեն, ինչպիսի՞ առողջական վիճակ ունեն, տանը շուն, կատու կամ այլ կենդանիներ պահու՞մ  են, թե՞ ոչ»,- նկատեց գլխավոր վարակաբանը։

Նա նաեւ հավաստիացրեց, որ այս պահին վարակիչ հիվանդությունների որեւէ դեպք արձանագրված չէ, եւ  խորհուրդ տվեց բնակչությանը չանհանգստանալ ու խուճապի չմատնվել։