Հայաստանին լավ PR է անհրաժեշտ, հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  «Armenia Travel» զբոսաշրջային ընկերության տնօրեն Մարինա Կպրյանը:

Ըստ նրա` հաճախ օտարերկրացիները, այդ թվում նաեւ` նախկին ԽՍՀՄ երկրներից,  վատ են տեղեկացված, թե ինչ կարելի է տեսնել հանրապետությունում եւ որտեղ հանգստանալ: Բացի դրանից,  զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ  հայտնի համաշխարհային հյուրանոցային բրենդներ գրավել:

Կպրյանն ուշադրություն է դարձրել, որ ներկայումս «շուկայում եղած առաջարկները հազիվ են բավարարում պահանջարկը»: Լրագրողների այն դիտարկմանը, թե հյուրանոցային ծառայությունների գները եւ ավիատոմսերը անհիմն թանկ են, օպերատորը պատասխանել է, որ  այդպիսի հարցերը «նախագահի հրամանով չեն լուծվում, գոյություն ունեն շուկայական մեխանիզմներ, որոնք գործում են բարձր մրցունակության դեպքում եւ ազդում գների նվազման վրա»: