Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին՝  «1915թ. իրադարձոսւթյունների շուրջ անարդարացի հիշողություն կառուցելու մասին»հայտարարությունը ավելի շատ այլ երկրներին է հասցեագրված, քան Հայաստանին: Այդ մասին այսօր՝ հունիսի 30-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց գրող Մերուժան Տեր-Գուլանյանը:

Գրողն առանձնացրեց Դավութօղլուի հոդվածի 4 հիմնական գաղափարները. արդարացի հիշողություն, անարդարացի հիշողություն, խիզախ քայլ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: «Դավութօղլուն իր հոդվածում 1915թ.-ից բացի խոսում է ամեն ինչի մասին: Իրականությանը անտեղյակ օտար մեկը կմտածեր, որ թուրքերը հետաքրքիր առաջարկություններ են անում, եւ կզարմանար, որ հայերը դրանք չեն ընդունում: Առաջին հայացքից թվում է, որ սառույցը շարժվել է, սակայն խնդիրն այն է, որ այս ամենը կառուցված է  խեղաթյուրումների վրա», - նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը: Գրողը նաեւ հավելեց, որ թուրքերը նմանատիպ «տարբեր փափկությունների» դեռ շատ հոդվածներ կգրեն, սակայն երբեք չեն մոռանա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին:

Հիշեցնենք, որ «Turkish Policy Quarterly» թերթում տպագրված հոդվածում Դավութօղլուն հայտարարել էր, որ 1915թ.  իրադարձսությունների շուրջ «անարդարացի հիշողություն» է ձեւավորվել, եւ որպեսզի հայերն ու թուրքերը հասկանան՝ ինչի միջով են անցել, պետք է հարգեն մեկը մյուսի հիշողությունը: «Հայերի համար 1915թ. տեղահանումների տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան: Դրա նախորդ և հաջորդ տարիները զարհուրելի ողբերգությունների տարիներ էին Անատոլիայի թուրքերի համար: Հենց այդ ժամանակ թուրքերը գոյության համար կռիվ էին մղում Բալկաններում, Չանաքալում եւ անկախության համար պատերազմում: Իրականում այդ ժամանակաշրջանը համատեղ ցավի տարիներ էին», – գրել է Դավութօղլուն: