Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին նրա մարտական ընկերներն ի նշան բողոքի հեռացան նիստերի դահլիճից, քանի որ դատավոր Լեւոն Ավետիսյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ վերսկսել դատաքննությունը եւ հրապարակել գործում առկա փաստաթղթերը։
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը առարկեց միջնորդությանը՝ասելով, որ բոլոր փաստաթղթերն արդեն ուսումնասիրվել են, սակայն դատավորը բավարարեց մեղադրողի միջնորդությունը։
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում եւ այսօր մեղադրող Վարդան Պապիկյանը պետք է հանդես գար մեղադրական ճառով։
Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը պաշտպանական կողմին տրամադրի այն հիմքերը, որոնց հիման վրա ԱԱԾ-ն սկսել է հետեւել Վոլոդյա Ավետիսյանին եւ գաղտնալսել նրա հեռախոսազրույցները։ Դատավորը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ այդ հիմքերը տրամադրել է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, ուստի Արաբկիր եւ Քանաեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը չի կարող տրամադրել այն։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։





























