Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների օպերատիվության շնորհիվ շարունակվում են թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր խմբաքանակներ բացահայտվել:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ բարձրանում է մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակը: 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված մաքսային կանոնների խախտման 42 դեպքերից 14-ը թմրամիջոցի եւ հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձերն են:

Ըստ ՆՀՎ վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, հունվարին շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից հետո վարչությունը թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակն է կանխել. «Իրացնելով օպերատիվ տվյալներն` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության եւ արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»:

Մաքսանենգներն այս անգամ փոստային առաքանիների միջոցով են փորձել իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցները չեն վրիպել վարչության աշխատակիցների ուշադրությունից: Մաքսային պահեստում զննման ենթարկելով փոստային ծանրոցը` ՆՀՎ աշխատակիցները մետաղյա պտուտակի հորիզոնական հատմամբ հայտնաբերել էին 2 կիլոգրամ 200 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ սուր հոտով մուգ շագանակագույն զանգված:

Մյուս դեպքով էլ էլեկտրական արդուկն էր թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել էին պոլիէթիլենով եւ փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ ընդհանուր քաշով՝ նույնպես ափիոնանման զանգված: Վարչության պետի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ օրինախախտներն ամեն անգամ տարբեր հնարքներով եւ մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը. «Մենք եւս անընդհատ կատարելագործում ենք հսկողական մեխանիզմները. պարբերաբար դիտարկում, վերլուծում ենք մաքսանենգության հնարավոր ուղիները եւ մեթոդները, որպեսզի համարժեք քայլերով կանխենք իրավախախտման փորձերը»:

Վահրամ Գուրողլյանը վստահեցնում է՝ սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում. անգամ աննշան կասկած հարուցող դեպքը հետեւողական զննության է ենթարկվում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից. «Փոստային առաքումների ուղին եւս գտնվում է մաքսային ուժեղացված հսկողության ներքո»,-հիշեցնում է ՆՀՎ պետը: