ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 6-ին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցած նամակում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Աֆղանստանում խաղաղարար առաքելությանն աջակցելու համար եւ հույս է հայտնել, որ ադրբեջանա-ամերիկյան կապերը կընդլայնվեն եւ կխորանան:
«Միացյալ Նահանգներն ընդունում են Ադրբեջանի զգալի ավանդը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման հարցում: Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք ընդլայնել եւ խորացնել մեր հարաբերություններն առաջիկա ամիսներին ե տարիներին: Ես գիտեմ, որ կան որոշակի խնդիրներ, բայց վստահ եմ, որ կարող ենք լուծել դրանք»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ ասված է նամակում:
Օբաման բարձր է գնահատել Ադրբեջանի ջանքերը ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարեւոր նշանակություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատեւ կայունության հասնելու համար, իսկ այդ արդյունքին նպաստելը առաջնահերթություն կմնա ԱՄՆ-ի համար»։
Իր նամակում Օբաման նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանից Աֆղանստան խաղաղարար առաքելություն ուղարկելու համար: «Հարավային էներգետիկ միջանցքի զարգացումը նույնպես կնպաստի էներգետիկ գլոբալ անվտանգության ապահովմանը»,- ասել է Օբաման:


























