«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված, այնուհետեւ նույն գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանն այսօր` հունիսի 30-ին, թողեց անփոփոխ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի փաստաբան Արման Խաչատրյանը:
«Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, իսկ Վերաքննիչ դատարանը չհիմնավորեց իր որոշումը, պարզապես գտավ, որ առաջին ատյանի դատարանը հիմքերը ճիշտ է գնահատել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Խաչատրյանը:
Փաստաբանի խոսքով` Վերաքննիչ դատարանը մի շարք հիմքեր ուներ Ներսես Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու համար, բայց ոչ մեկը չկիրառեց:
«Հիմքերը բազմաթիվ են սկսած` Ներսեսի անձից, վերջացրած առողջական վիճակով, այդ թվում նաև Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածով նախատեսված հիմքերի 90 տոկոսից ավելին»,- ասաց Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ ըստ փաստաբանների՝ երկարատեւ բուժման կարիք ունի:




























