Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր, կրթական եւ մշակութային զարգացմանը նպաստելու գործում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության եւ մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ եւ´ Հայաստանում, եւ´ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։
ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը եւ սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի օժանդակությամբ տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել հետագա անելիքներին: Հովիկ Աբրահամյանը եւ Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաեւ ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:





























