«Ֆրեսկո» միջազգային փառատոնը Հունիսի 26-28-ին մայրաքաղաք Երեւանից մի քանի օրով տեղափոխվել է Լոռու մարզ: Ծրագրի համաձայն` փառատոնն իր հետ մարզ էր տարել ոչ միայն ֆիլմեր, այլեւ ավելի քան 130 մասնակից: Կինոդիտումների` մեր երկրում դեռեւս իր նմանը չունեցող այս ձեւաչափը «Ֆրեսկո» միջազգային փառատոնի հիմնական բաղադրիչներից է:
Մեր երկրի գեղատեսիլ անկյուններում կազմակերպված կինոդիտումները նաեւ ճանաչողական նշանակություն ունեն: Կազմակերպիչները համոզված են` սիրելու առաջին քայլը ճանաչելն է: Կինոճամբարները ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլեւ Հայաստանը ճանաչելու նոր ձեւաչափ: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարեւոր կենտրոնները` կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում են» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ:
Օրվա լուսավոր հատվածում` վրանների տեղադրում, ազգային հյուրասիրություն, երգ ու պար, ժամերգություն: Իսկ ահա մութն ընկնելուն պես` վանական համալիրի բակ, թարմ օդ, աստղերի մեջ կորած երկինք, գունավոր բարձեր, մեկը մյուսից հուզիչ ֆիլմեր… ամեն ինչ պատրաստ է բացօթյա կինոդիտումը սկսելու համար:
Կինոճամբարի առաջին կանգառը Օձունի եկեղեցու բակում էր: Հունիսի 26-ին այստեղ ժամանած ավելի քան 8 տասնյակ մասնակիցներին երեկոյան միացան նաեւ տեղի բնակիչները: Կինոդիտում-քննարկմանը մասնակցում էին նաեւ փառատոնի արտասահմանյան հյուրերը: «Այս փառատոնում ամենից շատ հենց այս մարդամոտությունն եմ կարեւորում: Կինոաշխարհում շատ են այնպիսի միջոցոռումները, որոնց արտաքին փաթեթավորումն է միայն գեղեցիկ, ինքը ձանձրալի է, ոչ կենդանի: Կինոճամբարները հրաշալի հնարավորություն են ստեղծելու համար այն մթնոլորտը, որտեղ կարելի է մարդկանց հասցնել այն, ինչ հենց նրանց համար է ստեղծված»,- ասում է իտալացի կինոռեժիսոր Ջանլուկա Սոդարոն:
«Ֆրեսկոյի» մարզային կինոճամբարի երկրորդ հանգրվանը Ախթալայի՝ 13-րդ դարում կառուցված եկեղեցին էր: Այստեղ կինոճամբարին միացավ Երեւանից ժամանած նոր խումբ` նրանց թվում` նաեւ հաշմանդամություն ունեցող 2 տասնյակից ավելի երիտասարդներ:
Կինոճամբարի յուրաքանչյուր օր ցուցադրվեցին տարբեր ֆիլմեր, որոնց մասին ներկաները հնարավորություն ունեին զրուցելու նաեւ ֆիլմը ներկայացնող օտարերկրյա հյուրերի հետ:





























