Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը սպասում է հունիսի 23-ին մահացած նորածնի փաստի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխաններին՝ հասկանալու համար՝ աշխատանքից ազատել մանկաբույժ Աիդա Հարությունյանին, թե ոչ:

«Ավելի քան մեկ ամիս Հայաստանում չեմ եղել, երեկ գիշեր եմ վերադարձել, դեռ ոչ մեկի հետ դեպքի մասին չեմ խոսել: Գիտեմ, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սպասում ենք պատասխաններին, հենց լինեն դրանք, կորոշենք՝ ինչպես վարվել: Դեռ մանկաբույժի մեղավարությունն ապացուցված չէ, եւ նրան անհիմն չենք կարող աշխատանքից ազատել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրենը:

Նրա խոսքով՝ նորածնի մահ իրենց մոտ առաջին անգամ է գրանցվում, ամեն տարի շուրջ 600 ծնունդ են ընդունում, նույնիսկ Քաշաթաղի շրջանում շատերը գալիս են հենց այս հիվանդանոց:

«Չգիտեմ՝ այս անգամ ինչ է եղել, ոնց է նման դեպք տեղի ունեցել: Անպայման կխոսեմ երեխայի հարազատների հետ, բժիշկների, բուժքույրերի համար՝ հասկանալու համար, թե ինչպես նման բան տեղի ունեցավ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ մահացած նորածնի մայրը՝ Սյուզի Այվազյանը NEWS.am-ին ասել էր, որ իր երեխայի մահվան մեջ մեղավոր է մանկաբույժը: Սյուզիի խոսքով՝ իրեն հիվանդանոցում չեն ասել, որ երեխան խնդիրներ ունի, ծնվելուց երկու օր անց՝ ամսի 23-ին, առավոտյան ժամը 06:15-ին, բուժքույրն իրենից տակդիր է ուզել, երեխան անհանգիստ է եղել, իրեն չեն թողել ներս մտնել, իսկ արդեն ժամը 07։00-ի մոտ ասել են, որ փոքրիկը մահացել է: Սյուզին վստահեցնում է, որ բուժքույրն է երեխային օգնություն ցուցաբերել, քանի որ մանկաբույժը հիվանդանոցում չի եղել: