DASARAN.AM-ը ս.թ. հունիսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին:

Եվրոպայի ամենամեծ եւ հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ եւ իր տանիքի ներքո ժողովում է տեխնոլոգիայի եւ կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին իրենց մասնակցությունը բերեցին 75 երկրի շուրջ 4500 պատվիրակներ, այդ թվում նաեւ Նոբելյան վեց մրցանակակիր: Մասնակիցները ներկայացնում էին ընկերությունների եւ հաստատությունների բազմատարր աստղաբույլ, սկսած ԱՄՆ «Սիլիկոնային հավտի» տեխնոլոգիական ընկերություններից եւ վերջացրած «Ուսում խաղի միջոցով» նշանաբանով աշխատող դանիացի փորձագետներից:

Միջոցառման հիմնական նպատակն էր իրական ժամանակում տեղի ունեցող խմբային քննարկումների միջոցով խորհրդածել կրթության ոլորտի ներկայիս հարացույցի, այսինքն՝ տեսական հիմքերի եւ ուսման նորագույն լուծումների մասին: Մասնավորապես, համաժողով-փառատոնի հիմնական թեմաներն էին կրթության վերապատկերացումները, թվայնացման դարում կրթության եւ գիտության խնդիրները, գիտության ներսում միջոլորտային, ինչպես նաեւ գիտության ու հասարակության միջեւ «կամուրջների» ստեղծումը: 

 Համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց հունիսի 22-ին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Dasaran.am կրթական ծրագիրը, ունենալով դպրոցների գործունեության եւ կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից եւ արդյունավետ համակարգի ձեւավորման առաքելություն, Կոպենհագենում ստացավ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեցող երկիր ներկայացնելու հնարավորություն: Հեղինակավոր այս միջոցառման ժամանակ «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին արժանանալը եւս մեկ անգամ վկայում է Dasaran.am-ի ձեռնարկումները միջազգային ասպարեզում արժանավույնս գնահատվելու ու արժեւորվելու մասին:

Համաժողովին ներկայացրած իր ելույթում Dasaran.am-ի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մասնավորապես նշեց. «Dasaran.am-ի նախաձեռնության առաջնային փիլիսոփայությունը հիմնված է այն ակնհայտ ճշմարտության վրա, ըստ որի՝ երիտասարդությանը զորակցելուն ուղղված կրթությունը հանդիսանում է ժամանակակից հասարակությունը վերափոխելու ամենահզոր եւ կենսական գործիքը»:

Կոպենհագենում գտնվելու ընթացքում Ս.Ալոյանն ու իր թիմը հանդիպումներ ունեցան նաեւ գիտակրթական ոլորտում գործունեություն իրականացնող եվրոպական մի շարք հաստատությունների ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ կրթության որակի բարելավման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության հեռանկարները: