Associated Press տեղեկատվական գործակալության նորությունների մի մասը հուլիսից սկսած կստեղծվի հատուկ ռոբոտի միջոցով։ Այդ մասին գործակալության բլոգում հաղորդել է AP-ի ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն Փոլ Քոլֆորդը։
Ինչպես նշվում է, խոսքը որոշակի ուղղվածությամբ բիզնես նորությունների մասին է, մասնավորապես՝ եկամուտների մասին հաշվետվությունների։ Ենթադրվում է, որ յուրաքանչյուր այդպիսի նորություն 150-300 բառ կպարունակի, իսկ նորությունների քանակը եռամսյակում կկազմի 4400 (այդ նույն ժամանակահատվածում գործակալությունը գրավոր կերպով մոտ 300 լուր էր պատրաստում), հաղորդում է Gazeta.ru-ն։
AP-ի գլխավոր խմբագիր Լուի Ֆերարան նման որոշումը բացատրում է տեղեկատվության մշակման վրա աշխատակիցների ժամանակը տնտեսելու ցանկությամբ։
Հիշեցնենք, որ 2014թ. գարնանը հայտարարվել էր, որ մարտի 17-ին Լոս-Անջելեսում երկրաշարժի մասին լուրը օպերատիվ կերպով հայտնվել էր LA Times թերթի կայքում, շնորհիվ հատուկ ռոբոտի-ծրագրի, որը նորությունը պատրաստում է ԱՄՆ-ի երկրաֆիզիկական ծառայությունից ստացված ավտոմատ տվյալների հիման վրա։ Իսկ մի քանի օր առաջ Ճապոնիայում ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է աշխարհում առաջին ռոբոտ-անդրոիդը, որն ընդունակ լուրեր վարել։




























