Սահմանին կրակոցները կապված են ոչ այնքան հայ-ադրբեջանական հարաբերությունների, որքան Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչպես, օրինակ, արդեն գոյություն ունեցող իսլամական ուժերի պետությունն ու քաոսի տարածումն են: Այս մասին հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Աերժ Սարգսյանը չեն կարող ինքնուրույն որոշում կայացնել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նա շատ փոքր է համարում: «Երեք հիմնարար գործընթաց է տեղի ունենում, որոնք արտացոլվում են մեր սահմանային իրավիճակի վրա եւ որոնց պատճառով էլ կրակոցներ են հնչում. 1. Եվրոպայի համար պայքար, 2. Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ ավելի լայն տարածքում քաոսի տարածում, 3. Ռուսաստանի ճակատագիր: Ես չնշեցի Ուկրաինան, քանի որ Ուկրաինան ընդամենը գործիք է»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:
Ներկայում իշխող աշխարհակարգը, նրա կարծիքով, խնդիրների առջեւ է կանգնած: «Այդ աշխարհակարգին քաոս է հարկավոր աշխարհում: Հարկավոր է, որ Եվրոպան շարունակի ենթարկվել ատլանտյան քաղաքակրթությանը, իսկ Եվրոպան փորձում է դուրս գալ ազդեցության ոլորտից, եւ Եվրոպայի այդ փորձը կանխվում է Ուկրաինայի միջոցով: Իսկ Ռուսաստանը, իր կամքից անկախ, դիմադրում է դրան, քանի որ այն դերը, որ ձգտում է կատարել Ռուսաստանը, նրան բերել է այնտեղ, որտեղ բախվում են ատլանտիզմի ուժերը»,- ընդգծեց Մանուչարյանը:





























