Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ավերիչ քամու հետևանքով վնասվել է մոտ 100 տնտեսություն:

NEWS.am-ի հետ զրույցում վարդենիսցիները պատմեցին, որ մի քանի րոպեի ընթացքում փոթորիկը պոկել է տների կտուրները, կոտրել եւ արմատախիլ արել ծառեր, շուռ տվել էլեկտրահաղորդման սյուները։

«Դպրոցի մոտից մինչև տերտերի տուն սաղ կտուրները քշել-տարել ա, մի հատ երակ էր, էլի, էս թաղով էկավ-անցավ, տանը նստած էինք, մեկ էլ տենանք՝ կրիշ չկա»,-պատմեցին վարդենիսցիները:

Բնակիչների պատմելով՝ իրենք չեն հիշում՝ երբ են վերջին անգամ նման փոթորիկ տեսել։

«Դաժե մարդիկ են տուժել, մի աղջկա պարանոցն է վնասել պոկված թիթեղը, մի հատ էլ փոքր էրեխու ոտք ա դռան տակ մնացել»,- պատմեցին վարդենիսցիները։

Ճարահատյալ բնակիչները երեկ՝ հունիսի 30-ին, փակել էին Վարդենիս-Երեւան մայրուղին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

«Մենք ուղղակի կառավարության ուշադրությանն էինք ուզում հրավիրել մեր  խնդիրներին, մեր անելանելի վիճակին, թող գան, տենան՝ ինչ վիճակում ենք, անձևներից պաշտպանվելու համար տոպրակներով ենք փակել կրիշները, բայց մինչև ե՞րբ»,- ասացին բնակիչները:

NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբազյանն ասաց, որ այս պահին Գեղարքունիքի մարզպետի հետ մեկնում են Վարդենիս, որտեղ երեկվանից աշխատում են մարզպետարանի և քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովները` վնասի չափերը պարզելու, բնակիչների հետ խոսելու նպատակով:

«Հիմա Վարդենիսում ամեն ինչ խաղաղ է, մարդկանց հետ կխոսենք, կհասկանանք իրավիճակը տեղում, որպեսզի համապատասխան օգնություն կազմակերպվի»,-ասաց Հասմիկ Շահբազյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ է գրանցվել, ինչի հետևանքով ամբողջությամբ պոկվել են 10 տների, մանակիորեն՝  90 տների կտուրներ, ջարդուփշուր են եղել ապակիներ, շրջվել է 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել է նաև Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: Բնակիչները սպասում են կառավարության փոխհատուցմանը:

 

Ինգա Հայրիյան