ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակն այնքան է սրվել, որ անհրաժեշտ է դիմել ՀԱՊԿ-ին: Այս մասին նախարարն ասաց հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում:
Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ գոյություն ունի ՀԱՊԿ-ին դիմելու որոշակի մեխանիզմ: Առաջին հերթին գնահատվում է իրավիճակը, որոշվում է մարտական գործողությունների վերսկսման հավանականության աստիճանը: «Չեմ կարծում, որ հիմա իրավիճակն այնպիսին է, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն է առաջացել: Հայոց բանակն օրեցօր ավելի մարտունակ է դառնում եւ ունակ է ինքնուրույն լուծել առաջադրված խնդիրները»,- ընդգծեց նախարարը՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունն աշխարհում միակն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է առանց արտաքին միջամտության: «Երբ խոսում ենք հավասարակշռության մասին, խոսքը ոչ թե քանակի, այլ որակի եւ մեր զինվորների մարտական ոգու մասին է»,- ասաց Սեյրանը Օհանյանը:
«Այլ հարց է, որ ՀԱՊԿ-ն պետք է տեղեկացված լինի խախտումների մասին եւ հանդես գա համապատասխան հայտարարությամբ, ընդգծի, թե ով է խախտման նախաձեռնողը: Անմիջապես ասեմ, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս խախտման նախաձեռնողի դերում, մենք միայն պատասխանում ենք ոտնձգություններին»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:




























