2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետեւանքով: Այս մասին նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքում հրապարակած զեկույցում:

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:

Հարկ է նշել, որ 2013 թ-ի ամբողջ ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացել է 5 զինծառայող, իսկ 2014 թ-ի միայն առաջին կիսամյակում արդեն զոհվել է կրկնակի թվով զինծառայող՝ 11 հոգի, որից 3-ը՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով, մյուսները, ըստ լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվության, դիպուկահարների կողմից: Բացի այդ, նշված ժամանակահատվածում մահացության դեպքերը 2013 թ-ին կազմում էր 15 հոգի, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում մահացության դեպքերը ավելի քան 30 տոկոսով ավելացել են:

Հրադադարի խախտման հաճախականությունը 2014 թ-ին 2013 թ-ի համեմատ աճել է նույն ժամանակահատվածի համար, սակայն եթե դիտարկենք հրադադարի ռեժիմի խախտումների թիվ/զոհերի թիվ հարաբերակցության դինամիկան, ապա տեսնում ենք, որ մահացության մեկ ելքին հանգեցնող հրադադարի ռեժիմի խախտումների թիվն աճում է:  2014 թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում տեղի ունեցած 23 մահվան փաստերից 16-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն: Մահացության դեպքերից 8-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, 15-ը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Զոհերից 5-ը պայմանագրային զինծառայողներ են, որոնցից 1-ը ՀՀ-ում ՌԴ զորամասի զինծառայող: Մահացության դեպքերից 4-ը սպայական կազմից է. 2 ավագ-լեյտենանտ, 1 գնդապետ եւ 1 փոխգնդապետ: Մյուս 14 զնծառայողներն, ըստ հասանելի տեղեկատվության, ժամկետային զինծառայողներ են:   23 դեպքերից 18-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որից 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս, 2 դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, 1 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Մյուս դեպքերում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր եւ ինչ հոդվածներով: Ըստ առկա տեղեկատվության հարուցված 18 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: 

Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ: