Եվրամիությունն արդեն տարբեր ուղիներով ներգրավված է մեր արեւելյան հարեւանների միջեւ առկա ձգձգվող հակամարտությունների լուծման ուղիների որոնման գործում: Այս մասին, ըստ «Գազետա.ռու»-ի հայտարարելէ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Նրա խոսքով, ԵՄ-ն կարեւոր դեր է խաղում Ժնեւում վրացական հարցով միջազգային խորհրդակցություններում:

«Մենք ակտիվորեն մասնակցում ենք Մերձդնեստրում „5+2“ ձեւաչափով ընթացող բանակցություններին եւ ամբողջությամբ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂ հարցում»,- ասել է Սոլանան ու հավելել. «Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչները հաճախ այցելում են տարածշաշրջան, օգնելով հակամարտող կողմերին համագործակցության միջոցով լուծում գտնել մեր միջազգային գործընկերների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

Նա նաեւ ընդգծել է. «Մենք վստահ ենք, որ բոլոր առանձին հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը պետք է տեղավորվեն արդեն գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ: Առավել եւս, որ „Արեւելյան գործընկերություն“ բազմազգ ձեւաչափը լավ հնարավորություն է տալիս, որպեսզի քննարկվեն այդ հարցերը»: