Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հունիսի 27-ի վաղ առավոտյան 5-րդ հարկից ընկած 27-ամյա Վահան Դարբինյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
«Կոնսերվատիվ բուժում է ստանում այս պահին, արյան պակասություն ունի, դրանից հետո վիրահատություններ կանենք: Քանի որ բազմաթիվ կոտրվածքներ ունի, պետք է դրանք հերթով վիրահատել: Դրանք մեզ մոտ ենք անելու, միայն դիմածնոտայինի դեպքում հնարավոր է Երեւանից մասնագետ հրավիրենք»,- ասաց նա:
Տնօրենի խոսքով՝ Վահան Դարբինյանը դեռ երկար ամիսների բուժման կարիք ունի եւ հնարավոր չէ այս պահին ասել, թե երբ դուրս կգրվի կամ բուժումն ինչ ընթացք կունենա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին ժամը 05.38-ին 27-ամյա Վահան Դարբինյանը ցած էր ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից: Վերջինս ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:





























