«Չեմ հասկանում, ձեր ինչի՞ն ա պետք էդ ինֆորմացիան, որ հարցնում եք»,-  այսպես է արձագանքել Դատաբժշկական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հարցին՝ ավարտվե՞լ է արդյոք «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունը, թե՞ ոչ։ Շոթա Վարդանյանն ասել է նաեւ, որ ՀՀ «Քրեական օրենսգիրքն» արգելում է իրեն որեւէ բան հայտնել այդ մասին եւ առաջարկել է դիմել ոստիկանությանը,  որն էլ Կենտրոնին պատվիրել է փորձաքննություն իրականացնել։ «Ընկերուհի, ես ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանի»,- կոպիտ տոնով ասել է Վարդանյանն ու դրել լսափողը։

NEWS.am-ի թղթակիցը փորձել է տեղեկություն ստանալ ոստիկանությունից։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը, որն էլ Դատաբժշկական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնին պատվիրել էր փորձաքննության անցկացումը, դեռեւս չի ստացել դրա պատասխանը։

Նշենք, որ մոտ 10 օր առաջ, երբ NEWS.am-ը կրկին փորձել էր Շոթա Վարդանյանից տեղեկանալ փորձաքննության արդյունքների մասին, նա ասել էր, թե փորձաքննությունը գրեթե ավարտվել է եւ հաստատվել է, որ Ստեփանյանի մահը կապված է եղել սրտի հետ։ Վարդանյանը նաեւ հավելել էր, որ փորձաքննությունն իրականացվել է կենտրոնի մասնագետների կողմից եւ արտասահմանից որեւէ մասնագետ ներգրավված չի եղել դրա  իրականացման գործում։

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Համլետ Ստեփանյանը հանկարծամահ էր եղել 2010թ. մայիսի 15-ին, ժամը 19։00-ի  սահմաններում՝ իր անկողնում պառկած։ Նա «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։