Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 15-ին տեղի է ունենալու ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանն ընդդեմ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Գեւորգ Պերկուպերկյանը։
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն ներկուսակցական խնդիրների պատճառով բաժանվել է երկու թեւի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ատենապետը։ ՍԴՀԿ արտահերթ համագումարում ատենապետ ընտրված Գ. Պերկուպերկյանն ու նրա կողմնակիցները վիճարկում են իրենց իրավունքները կուսակցության նկատմամբ եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից պահանջում են վերադարձնել կուսակցության փաստաթղթերն ու կնիքը՝ նրան համարելով ապօրինի ատենապետ։
Նկատենք, որ հունիսի 15-ը խորհրդանշական օր է ՍԴՀԿ-ի համար. 1915 թվականի այդ օրը Հնչակյան քսան ղեկավարներին կախաղան բարձրացրին Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում` երիտթուրքերի առաջին դեմքերի դեմ մահափորձ կազմակերպելու համար:


























