Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ավերիչ քամու հետեւանքով տուժած բնակիչներին է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Շահբազյանը պատմեց, որ այն, ինչ տեսան, անհավանական էր։
«Ոնց որ հատուկ, արհեստական սարքած լիներ, պտտահողմը միայն մեկ թաղամասի տների կտուրներն էր տարել եւ 2-րդ դպրոցի մի մասնաշենքի կտուրը, դե այդտեղ տներն ավելի խիտ էին բնակեցված եւ ըստ համապատասխան հանձաժողովների կողմից կազմված նախնական ակտի, շուրջ 47 տնտեսություններ էին տուժել: Բնակիչները մարզպետի հետ հանդիպման սկզբում մի քիչ տաքացած էին, վրդովված, դե նրանց էլ կարելի է հասկանալ,տներում նստած՝ կոտրվել էին պատուհաններ ու ապակիներ, բայց հետո մարզպետին հաջողվեց նրանց հետ երկխոսության մեջ մտնել եւ լսել նրանց խնդիրները»,-պատմեց Հ.Շահբազյանը:
Նա նաեւ նշեց, որ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի եւ ԱԻՆ մարզային կառույցի անցամներից կազմված 2 հանձնաժողովների ներկայացուցիչների հետ այցելել է տուն առ տուն, քննարկել հասցված վնասները եւ հուլիսի 3-ին կազմված ակտերի վերջնական տարբերակը կներկայացնի կառավարություն. «Թե ինչ տեսքով կլինի կառավարության աջակցությունը՝ փոխհատուցման, թե օգնության, պարզ կլինի նիստին ներկայացնելուց հետո, բայց մինչ այդ մարզպետը շինարարական կազմակերպությունների հետ բանակցում է, որպեսզի շինանյութ տրամադրվի հատկապես ամբողջությամբ անկտուր մնացած բնակիչներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ է գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել են 10 տների, մանակիորեն՝ 90 տների կտուրներ, ջարդուփշուր են եղել ապակիներ, շրջվել է 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել է նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: Բնակիչները սպասում են կառավարության փոխհատուցմանը, իսկ հունիսի 30-ին փակել էին ճանապարհը եւ պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:





























