Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, մայիսին Երեւանում տարվա կտրվածքով առանձնատների առքուվաճառքի թիվը 37.3 տոկոսով ավելացել է: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում աճը գերազանցել է ելակետային ցուցանիշի մեկ երրորդը: Քանակական առումով իրավիճակն այսպիսին է. ընթացիկ տարվա մայիսին 114 առանձնատուն է վաճառվել, որը 31 միավորով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից:
Նշենք, որ այս կտրուկ աճը որոշակիորեն պայմանավորված է ցածր բազայով: Անցյալ տարվա մայիսին 83 առանձնատան առքուվաճառք է գրանցվել, այն դեպքում, երբ դրա նախորդ տարվա նույն ամսին գործարքների քանակը 122 է եղել: Այսինքն՝ հաշվետու ամսում երկու տարվա վաղեմության մակարդակ չի գրանցվել:
Ինչպես բնակարանների, այնպես էլ առանձնատների առքուվաճառքի աճը չի նպաստել անշարժ գույքի գների թանկացմանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, մայրաքաղաքում բնակելի տարածքների գները մնացել են նույնը:
Ըստ էության, առքուվաճառքի գործարքը նախկին բնակարանատիրոջ համար դրամական եկամուտ է նշանակում եւ ծախս՝ ձեռքբերողի համար: Ելնելով պաշտոնական տեղեկատվությունից՝ մայիսին վաճառված առանձնատների արժեքը կարելի է ավելի քան 8 միլիարդ դրամ կամ 20 միլիոն դոլար գնահատել: Ընդգծենք, որ սրանք միայն մեկ ամսվա տվյալներ են:
Առանձնատների վաճառքում տեղաշարժերը կատարվել են մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալների բավական դանդաղ աճի (ինչը վկայում է բնակչության մի մասի ցածր վճարողունակության մասին), եւ քաղաքացիների կազմակերպված խնայողությունների երկնիշ աճի ֆոնին:
Ապրիլի վերջի դրությամբ, բնակչության՝ դրամով խնայողությունները տարվա կտրվածքով աճել են 54.0 միլիարդ դրամով (25.4%), իսկ արտարժույթով խնայողությունները՝ շուրջ 81.8 միլիարդ դրամով (17.3%):
Ելնելով վերը նշվածից՝ կարելի է եզրակացնել մեր հասարակության եկամուտների բեւեռացման խորացման մասին: Այս պայմաններում արտագաղթն ավելանում է, ինչն էլ մեկնող քաղաքացիների բնակարանների վաճառք է ենթադրում: Ի դեպ, մեր ձեռներեցներից մեկի խոսքով, արտագաղթողների ոլորտում վերջին շրջանում որակական տեղաշարժեր են նկատվում. արտասահման մեկնում են նաեւ ապահով ընտանիքները: Նրանց թվում, բնականաբար, առանձնատների սեփականատերեր՝ բառի բուն իմաստով:
Եթե գործարքներում նշված թվերը համապատասխանում են իրականությանը, ապա այլ եզրակացություն է հաջորդում. մարդիկ, ովքեր ցանկանում են արագ ազատվել իրենց սեփականությունից, բնակարանները համեմատաբար ցածր գնով են վաճառում:
Աղյուսակներում շուկայական գները բերված են ստանդարտ առանձնատան հաշվարկով. 250 ք.մ. շինություն՝ 400 ք.մ. հողատարածքով (որի արժեքը ներառում է շինության տարածքը): Այդ պատճառով, այդ գները պետք է որպես պայմանական ընդունել:































