Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» 3-ամյա թոռնիկը, որը մայիսի 17-ին «Վերնիսաժում» հնչած կրակոցների ականատեսն է եղել, արդեն Հայաստանում է, սակայն դեռ չի խոսում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Թոռնիկս արդեն Հայաստանում է, լավանում է, վիճակը բարվոք է, բայց դեռ չի խոսում: Անպայման կլավանա»,- ասաց նա:
Այլ հարցերի «Յուվեցի Կարոն» հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, թե «դա ոչ մեկին չի վերաբերվում»:
Նշենք, որ «Վերնիսաժում» մայիսի 17-ին 5 անձի վիրավորած Գոռ Առաքելյանի 3-ամյա դուստրը դեպքի ժամանակ եղել է մեքենայի մեջ մոր հետ: Դեպքից հետո երեխան սթրեսի պատճառով չէր խոսում, տեւական ժամանակ վերջինս մորական տատիկի գտնվում էր Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։





























