Հայաստանը ցանկանում է Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կառուցել: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, նախարարությունը դրա համար ներդրողներ է փնտրում: Որպես ներդրող դիտարկվում է նաեւ ճապոնական կողմը, որը վարկ է տրամադրել առաջին էներգաբլոկի համար: «Մենք հետաքրքրված ենք այս շինարարությամբ, քանի որ Երեւանի ՋԷԿ-ում ստացված էներգիան բավական էժան է»,- նշեց Զախարյանը:

Հիշեցնենք, որ առաջին նոր էներգաբլոկի կառուցումը ֆինանսավորել է Միջազգային համագործակցության ճապոնական բանկը՝ JBIC-ը (այժմ՝ Միջազգային համագործակցության ճապոնական գործալություն՝ JICA): 2005 թվականին տրամադրված վարկը կազմում էր 26.4 մլրդ իեն (2008 թվականին վերջնական գումարի մասին պայմանագրի կնքման ժամանակ գործող փոխարժեքով՝ շուրջ 255 մլն դոլար, ներկա փոխարժեքով՝ 257.6 մլն դոլար): Նոր շոգեգազային էներգաբլոկը բացվել է 2010 թվականի ապրիլին: