«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերը Բողազիչի համալսարանի կողմից արժանացել է «պատվո դոկտորի» կոչման։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Բողազիչի համալսարանի Ալբերտ Լոնգ սրահում ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուի կողմից «պատվո դոկտորի» կոչման հավաստագիրն անձամբ հանձնվել է Արա Գյուլերին։
Ռեկտորն իր խոսքում նշել է, թե Թուրքիայի պատմությունն ու առօրյան Արա Գյուլերի միջոցով ներկայացվել է աշխարհին, որի համար էլ մեծ լուսանկարիչն արժանացել է իրենց համալսարանի «պատվավոր դոկտոր» կոչմանը։
Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:



























