Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին 1915թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ, արդար եւ ճիշտ կոչ է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում մամուլիսի ասուլիսին հայտարարեց եռահատոր ժողովածուի մեկ հատորի թուրքերեն թարգմանության հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն։

Նրա խոսքով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցրած ցավակցությունները ամոթալի են Թուրքիայի համար, սակայն, վերջապես, ինչ-որ բան արվել է։ Ջարդերի ենթարկված հայերը, ընդգծել է Ռագըփ Զարաքօլուն, նույնպես Օսմանյան Թուրքիայի քաղաքացիներ են եղել, նրանք նույնպես իրավունքներ են ունեցել։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին՝  1915թ. իրադարձությունների շուրջ «արդարացի հիշողություն» կառուցելու մասին հոդվածին՝ խիզախ իրավունքների պաշտպանն ընդգծեց. «Դավութօղլուի կշեռքը ճիշտ չի կշռում. եթե դիտարկենք, թե ինչ է կատարվել 1915թ., ապա պետք է խոստովանել, որ Արեւմտյան Հայաստանի երկու մլն հայ այլեւս այնտեղ չի ապրում։ Եթե չլիներ ցեղասպանությունը, Արեւմտյան Հայաստանը մոտ 10 մլն բնակչություն կունենար»։ Ռագըփ Զարաքօլուն նաեւ հավելել է, որ այդ խնդիրը շատ լուրջ է պատմաբաններին թողնելու համար;

Հիշեցնենք, որ «Turkish Policy Quarterly» թերթում տպագրված հոդվածում Դավութօղլուն հայտարարել էր, որ 1915թ.  իրադարձսությունների շուրջ «անարդարացի հիշողություն» է ձեւավորվել, եւ որպեսզի հայերն ու թուրքերը հասկանան՝ ինչի միջով են անցել, պետք է հարգեն մեկը մյուսի հիշողությունը: «Հայերի համար 1915թ. տեղահանումների տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան: Դրա նախորդ և հաջորդ տարիները զարհուրելի ողբերգությունների տարիներ էին Անատոլիայի թուրքերի համար: Հենց այդ ժամանակ թուրքերը գոյության համար կռիվ էին մղում Բալկաններում, Չանաքալում եւ անկախության համար պատերազմում: Իրականում այդ ժամանակաշրջանը համատեղ ցավի տարիներ էին», – գրել է Դավութօղլուն: