Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման եւ սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետն իր կողմից երեխաների համար նախատեսված նվերներ է հանձնել ճամբարին, դիտել մանուկների պատրաստած պարային երաժշտական ելույթները: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով երեխաներին, հորդորել է նրանց միասնական լինել եւ պահպանել ձեռք բերած ընկերությունը: «Սիրելի երեխաներ, մեր պետության ապագան կապում ենք ձեզ հետ, եւ ամեն տարի կառավարությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ճամբարներում ձեզ համար բարեկեցիկ պայմանների ապահովմանը», - նշել է երկրի վարչապետը:

Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» եւ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են սահմանվել Երեւանի եւ ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաեւ նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից:

2014 թ. ճամբարային ծրագրով կհանգստանա շուրջ 4500 երեխա՝ 3 հերթափոխով, 20-ական օրով, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1500 երեխա: Այս տարի 1-ին հերթափոխին ԼՂՀ-ի  երեխաների համար հատկացվել է 200 տեղ, ջավախահայ երեխաների համար՝ 150 տեղ, իսկ 2012 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման շնորհիվ ծրագրում ընդգրկվել են նաեւ սիրիահայ երեխաներ: