Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների արդյունքում կստեղծվի քրդական պետությունը. մոտակա տարիներին դա անխուսափելի է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Իրաքից անկախանալու հանրաքվեի անցկացման քրդերի պահանջին։

Թուրքագետի համոզմամբ, դա Մերձավոր Արեւելքում քրդական գործոնի տեսքով մեծ երեւույթի միայն մի մասն է. «Այդ գործոնը պայմանավորված է հետեւյալ պարզ հանգամանքով. 20 մլն մարդ հաշվվող ժողովուրդը չի կարող պետություն չունենալ, այդ իրավիճակը երկար շարունակվել չի կարող», - նշեց Սաֆրաստյանը։ Փորձագետը ընդգծեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչ սահմաններում եւ որ տարածքում ու ինչ իշխանությամբ կստեղծվի քրդական պետությունը, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ պետությունը հենց Իրաքի տարածքում կստեղծվի։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Քրդական պետության ստեղծումը ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա, փորձագետը նշեց, որ եթե այդ պետությունը ստեղծվի ներկայիս Թուրքիայի տարածքում, որտեղ Արեւմտյան Հայաստանն է գտնում, իհարկե, մենք կունենանք խնդիրներ։ «Կարծում եմ, որ այս պայմաններում շատ մեծ դեր կխաղա Սեւրի պայմանագիրը, քանի որ դա միակ միջազգային փաստաթուղթն է, որտեղ փորձ է արվել գծել Քուրդիստան պետության մոտավոր սահմանները», - ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Քրդական զինվորական ստորաբաժանումները հրաժարվում են լքել Քիրքուք, Նայնավա, Դիալա մարզերը, որոնք զբաղեցրել էին անցյալ շաբաթ՝ պաշտպանելով «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման զինյալների հարձակումներից: Նրանք պահանջում են Իրաքի Սահմանադրության 140 հոդվածի համաձայն հանրաքվե անցկացնել երկրի քրդական շրջաններում՝ դրանք Քուրդիստանի ինքնավար մարզին միավորելու համար: Երկրի քրդական շրջանների համար հանրաքվե նախատեսող Իրաքյան սահմանադրությունը գրվել է ԱՄՆ-ի մասնակցությամբ Սադամ Հուսեյնի տապալումից հետո։